Նորություններ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ադոնիս Գեոգիադիսի հետ

դեկտեմբերի 14, 2023

Աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ադոնիս Գեոգիադիսի հետ։

Ընդգծելով երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը՝ կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է նաև համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ Հունաստանի հետ բազմակողմանի համապարփակ համագործակցություն է իրականացվում տարբեր ոլորտներում և այս համատեքստում կարևորել սեկտորալ հարաբերությունների զարգացումը նաև սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարն ասել է, որ հայկական կողմը հետաքրքրված է բնակարանաշինության ոլորտում Հունաստանի ունեցած փորձով և ուրախ կլինեն, եթե համատեղ աշխատանքներ իրականացվեն նաև այս ուղղությամբ։  

Ադոնիս Գեոգիադիսը նշել է, որ Հունաստանում աշխատուժի կարիք կա, և որ պատրաստակամ են Հայաստանից ևս ներգրավել համապատասխան մասնագետների։

Հանդիպման ավարտին Ադոնիս Գեոգիադիսը հրավիրել է Նարեկ Մկրտչյանին այցելել Հունաստան՝ ոլորտային երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։