Նորություններ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային

սեպտեմբերի 12, 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, այս պահին մշակվող ժողովրդագրության և զբաղվածության ռազմավարությունները մասնավորապես՝ մրցունակ աշխատուժի ապահովման, երիտասարդների հմտությունների կատարելագործման, աշխատաշուկայի զարգացման, կանանց տնտեսական հզորացման և ներուժի օգտագործման, ինչպես նաև ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ ծերության ապահովմանն ուղղված ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև նախարարության և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություններին ու միջոցառումներին՝ ուղղված խոցելի խմբերի ծառայությունների մատուցմանը, որակի բարելավմանը։

Էնդրյու Գալիցիան պատրաստակամություն է հայտնել համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, իրենց փորձառությամբ կիսվել հայ գործընկերների հետ և անհրաժեշտ ներդրումն ունենալ ընթացիկ աշխատանքների իրականացման գործընթացում։

 Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկված հարցերի շուրջ իրականացնել գործուն քայլեր։