Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ժնևում մասնակցել է գենդերային հավասարության ապահովմանն ուղղված համաժողովին

հոկտեմբերի 22, 2024

2025 թ Պեկինի հռչակագրի 30-ամյակին ընդառաջ՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել «Վերանայելով Պեկինի 30 տարվա պարտավորությունները՝ արագացնելու գենդերային հավասարությունը Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանում» թեմայով համաժողով, որին մասնակցել է նաև Ժնևում ՀՀ ներկայացուցչությունը։

          Քննարկմանը, որը տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության համանախագահությամբ, ելույթ է ունեցել ավելի քան 43 երկրի պատվիրակ մասնակցել են նաև տարբեր երկրների նախարարներ, նախարարությունների ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

          Հանդիպման նպատակն է նպաստել տարածաշրջանում գենդերային հավասարության առաջխաղացմանը, կանանց ու աղջիկների հզորացմանն ուղղված քաղաքական հանձնառության ակտիվացմանը, ինչպես նաև առաջնահերթ գործողությունների վերաբերյալ տարածաշրջանային կոնսենսուսի ստեղծմանը՝ Պեկինի հռչակագրում և գործողությունների հարթակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղություններով։

          Համաժողովի ընթացքում բանախոսներն ամփոփել են Պեկինի հռչակագրով նախատեսված գործողությունների ուղղությամբ իրականացված աշխատանքները ներկայացվել է նաև գենդերային ապահովության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց կարգավորման ուղղությամբ նախատեսվող քայլերը՝ ներառյալ նորարարական մոտեցումներն ու լավագույն փորձը:

      Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նախարարի տեղակալը նշել է, որ գենդերային բացերը լրացնելու և միջազգային պարտավորությունները կատարելու նպատակով՝  ՀՀ-ն արդեն իսկ պատրաստել է Պեկինի հռչակագրի 30-ամյակի և Գործողությունների պլատֆորմի ազգային զեկույց, որն արտացոլում է գենդերային հավասարության ոլորտում գրանցված առաջընթացը։

Բանախոսն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությունն ու բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 թվականի Կայուն զարգացման նպատակներին դրանք արտացոլված են նաև «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ ռազմավարության նախագծում»՝ գենդերային խտրականության հաղթահարման, սոցիալական և տնտեսական ոլորտներում գենդերազգայուն մոտեցումների խթանման, կրթության և գիտության ոլորտում խտրականության դեմ պայքարի և այլ ուղղություններով։

«Որպես ՀՀ կողմից ստանձնած հանձնառություն՝ գենդերային հավասարության ոլորտում իրականացվող աշխատանքները միտված են ապահովելու կանանց առավել լայն մասնակցությունն ու առաջնորդությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքում: ՀՀ կառավարությունը հաստատակամ է նաև գենդերային հավասարությունը խթանելու, գենդերային բացը հաղթահարելու և բոլոր կանանց և աղջիկներին աջակցելու ամուր և կայուն մեխանիզմներ ստեղծելու իր հանձնառության մեջ»,- նշել է նախարարի տեղակալը։

Համաժողովին հաջորդել են նաև բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում վերհանվել  են ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանն առնչվող առաջնահերթությունները, այդ թվում՝ գենդերային հավասարության դինամիկայի հիմնական միտումների, կանանց տնտեսական հզորացման արագացման, որոշումների կայացման գործընթացում կանանց հավասար և լիարժեք մասնակցության ապահովման ուղղություններով կարևորվել է նաև  կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման, գենդերային իրավահավասարության համար ֆինանսավորման լծակների կիրառման, գենդերային բացի լրացման ուղղություններով շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը։