Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը

հոկտեմբերի 01, 2024

Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Աննա Կոպչուխինը, Առաքելություն Հայաստան ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը և այլք։

Մինչ միջոցառման մեկնարկը՝ տարբեր տաղավարներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի շրջանակում ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և ձեռք բերել ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքները։ Բուն միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել «Գոհարներ» երգչախումբը, կազմակերպվել է պարային բեմադրություն․ ավագ սերնդի ներկայացուցիչների մասնակցքությամբ տեղի է ունեցել նաև հագուստի ցուցադրություն, որոնց կարելու գործընթացում վերջիններս ևս ունեցել են իրենց մասնակցությունը։  

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում շնորհավորել է ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում ավագ սերնդի ներկայացուցիչներին վերաբերելի քաղաքականությունները։ Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտային առաջնահերթությունները սահմանված են նաև Ժողովրդագրության ռազմավարության մեջ, որում հստակ ամրագրված են վերջիններիս բարեկեցիկ ծերության ապահովմանը, կենսափորձի կիրառմանը, տրամադրվող ծառայությունների լավարկմանն ուղղված ծրագրերը։ Տաթևիկ Ստեփանյանը նաև նշել է, որ ոլորտային քաղաքականության մշակման գործում նախարարությունը մեծապես կարևորում է ավագ սերնդի ներկայացուցիչներից ստացված առաջարկությունները, որոնք ներառվում են ոլորտային փաստաթղթերի մշակման գործընթացում։ 

Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել է Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության կողմից։