Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը

հուլիսի 18, 2024
Մեկնարկում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալ մեխանիզմների խթանմանն ուղղված «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» եռամյա ծրագիրը․ միջոցառմանը մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
 
Ծրագրի շրջանակում շահագրգիռ պետական մարմինների, փորձագիտական համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար կիրականացվեն փորձագիտական խորհրդատվություն, ինստիտուցիոնալ կարողությունների և ռազմավարական հաղորդակցության կատարելագործում՝ մարդու իրավունքների պաշտպանության լավարկման, լիարժեք կառավարման և հաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։
 
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Յունիսեֆի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, օրենսդիր մարմինների պաշտոնատար անձինք, քաղհասարակության ներկայացուցիչներ։
 
Պետական մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչների խոսքով՝ երկկողմ ձևավորված սերտ համագործակցության արդյունքները նպաստավոր պայմաններ են ստեղծել մեկնարկող ծրագրի հաջողության համար։ Վերջիններս նշել են, որ շարունակական ջանքերի մեկտեղմամբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը կարձանագրի դրական փոփոխություններ և տեսանելի ադյունքներ՝ հանրության մեջ արմատավորելով հարգանքի և բոլորի նկատմամբ հավասարության սկզբունքները։
 
Եռամյա ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։