Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալները հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի հետ

հոկտեմբերի 16, 2025

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Դավիթ Խաչատրյանն այսօր հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացքին և համատեղ նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ 

Նախարարի տեղակալներն անդրադարձել են Ժողովրդագրության իրավիճակի բարելավմանը, ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի շրջանակում համատեղ նախաձեռնությունների կատարմանն առնչվող մի շարք հարցերի։

Կարևորվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում օրենսդրական դաշտի բարելավման, առաջնային օղակի մասնագետների կարողությունների զարգացման ու թեմայի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը միտված ռազմավարական գործողությունների իրականացումը։

Ընդգծվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը՝ տվյալ ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության իրագործման և ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում։ 

Կլաուս Բեքը ևս բարձր է գնահատել Հայաստանի և UNFPA-ի համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։