ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հետ
ապրիլի 23, 2025
Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) չորրորդ փուլի գնահատման շրջանակում Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Միասնական սոցիալական ծառայությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից։
Քննարկման ընթացքում ներկայացվել են թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության և աջակցության ոլորտում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունները, ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները։ Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող պետական ջանքերը և զոհերի աջակցման ծրագրերը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակում է ներդնել անհրաժեշտ միջոցներ՝ ընդլայնելու և բարելավելու թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության ու պաշտպանության համակարգը։
Մոնիթորնգային գնահատման Փորձագիտական խմբի ներկայացուցիչների հարցադրումները հիմնականում ընդգրկել են թրաֆիքինգի ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների շրջանակը, կանխարգելման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակը, աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական կարգավորումները, աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման ուղղված ջանքերը։
Երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև երեխաների հիմնահարցերի ոլորտում մատուցվող ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և այլն։
GRETA-ի այցի նպատակն էր գնահատել Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը և առաջարկություններ ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքների հետագա բարելավման համար։