Նորություններ

ԱՍՀՆ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի երիտասարդ մասնագետների հետ

ապրիլի 03, 2025

Բյուջետային գործընթացում կարևորելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ու իրազեկվածության դերը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի երիտասարդ մասնագետների հետ։  

Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նախարարության կողմից իրականացվող բյուջետային գործընթացի փուլերին և նպաստել երիտասարդ մասնագետների գործնական նոր գիտելիքի ձեռքբերմանը։  

Քննարկմանը մասնակցել են ԱՍՀՆ ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանն ու ԱՍՀՆ ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության բյուջետավորման բաժնի պետ Արտակ Մկրտչյանը։ Վերջիններս իրենց խոսքում նշել են, որ նախարարությունը բաց է  համագործակցության համար, և ուրախ կլինեն, եթե բյուջետավորման գործընթացին առնչվող հետագա աշխատանքներում ապահովվի նաև քաղաքացիական հասարակության անդամների և ոլորտային մասնագետների ներգրավվածությունը։

ԱՍՀՆ ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի փորձագետ Անահիտ Համզյանը ներկայացրել է նախարարության բյուջետային գործընթացը՝ մանրամասնելով 2026-2028 թթ․ Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հայտերի մշակման և հաստատման ընթացակարգը։ Նա խոսել է նաև քաղաքացու բյուջեի մասին՝ այդ համատեքստում ընդգծելով հանրային ֆինանսների մասին տեղեկատվությունը քաղաքացիներին հնարավորինս պարզ և մատչելի ներկայացնելու կարևորությունը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը քննարկված թեմաների վերաբերյալ։