Նորություններ

Դասընթաց՝ Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնող մասնագետներ վերապատրաստել ցանկացողների համար

ապրիլի 17, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բժիշկների՝ թերապևտների, վիրաբույժների, մանկաբույժների, սրտաբանների և այլ նեղ մասնագետների, ինչպես նաև հարբժիշկների՝ հոգեբանների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների, էրգոթերապիստների, կինեզիստների և այլ հարբժշկական մասնագետների՝ մասնակցելու Անձի ֆունկցիոնալության գնահատում (ԱՖԳ) իրականացնող մասնագետներ վերապատրաստել ցանկացողների համար մշակված դասընթացին։

Դասընթացի նպատակն է կրթել և ձևավորել ԱՖԳ իրականացնող մասնագետներ վերապատրաստողների թիմ, ովքեր կաջակցեն Նախարարությանը պարբերաբար կազմակերպելու ԱՖԳ մասնագետների ռեեստրի համալրման համար նոր մասնագետների վերապատրաստումներ։ Նախատեսվում է, որ վերապատրաստողների թիմը կաջակցի Նախարարությանը վերապատրաստելու նաև համակարգում աշխատող կամ նոր ծառայությունների ներդրմանը զուգահեռ անհրաժեշտ այլ մասնագետների՝ տիրապետելու Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) հարացույցը և դրա կարևորությունը անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի որոշման հարցում։

Դասընթացի օրակարգը նախատեսում է 7 օր տեսական գիտելիքների տրամադրում և 8 օր՝ գործնական աշխատանքներ։ Ուսուցման և դասավանդման մոտեցումները կներառեն ինտերակտիվ դասախոսություններ՝ սահիկաշարերի և տեսանյութերի կիրառմամբ, գործնական աշխատանքներ՝ դերային խաղերով, թիմային աշխատանքներ, խմբային քննարկումներ, գործնական գնահատումների կատարում՝ Միասնական սոցիալական ծառայության կենտրոններում։ Դասընթացից հետո մասնակիցները կհանձնեն քննություն՝ գրավոր՝ թեստային, և բանավոր՝ սեփական մշակած սահիկաշարով ներկայացնելով այն թեման, որի գծով կցանկանան դառնալ վերապատրաստող։ Հանձնաժողովի կողմից դրական միավոր ստացած մասնակիցները կստանան ԱՖԳ վերապատրաստողի հավաստագիր։

Դասընթացը կմեկնարկի մայիսի 6-ին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Բարելավված ծառայությունների միջոցով սոցիալական ներառման և իրավունքների հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում» նախագծի շրջանակում կազմակերպվող «Հաղորդակցության հմտություններ՝ ԱՖԳ վերապատրաստումների համատեքստում» մեկօրյա դասընթացով։ Մասնակիցներին կտրամադրվեն ԱՀԿ ՖՄԴ հայերեն գրքի էլեկտրոնային տարբերակը, ԱՖԳ իրականացման օրենսդրությունը և ԱՖԳ մեթոդական ուղեցույցները՝ ծանոթության համար։

Դասընթացները կշարունակվեն 2026 թվականի մայիսի 18-ից։ Հետաքրքրված մասնագետները կարող են գրանցվել՝ լրացնելով հայտը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSenYN1DvSz7ociT9GdBmiyzXHqsC2pET5Q_ac0q1KHOyvrUrA/viewform։  Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 28-ը։