Նորություններ
Երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կազմակերպություններում իրականացվում է խնամվող երեխաների սննդի բարելավման համալիր փաթեթի մշակում
մարտի 26, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կազմակերպություններում իրականացվում է խնամվող երեխաների սննդի բարելավման համալիր փաթեթի մշակում՝ ստեղծելով սննդարար, բալանսավորված և առողջարար սննդի տրամադրման բարելավված պայմաններ։
Ծրագիրն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան գրասենյակի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
Նախատեսվում է վերանայել և արդիականացնել երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների սննդային չափորոշիչները, մշակել նոր բազմազան և բալանսավորված ճաշացանկեր, ներդնել սննդի պատրաստման տեխնոլոգիական քարտեր։
Համագործակցության շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների խոհարարների և դիետբուժքույրերի վերապատրաստման դասընթացները, երեխաների մասնակցությամբ իրականացվել են ճաշացանկերի փորձարկում․ վերապատրաստման դասընթացներին մասնակցում են նաև երեխաների խնամքի կազմակերպությունների տնօրենները։
Ծրագրով նախատեսվում է նաև կազմակերպությունների խոհանոցային պայմանների արդիականացում՝ զարգացնելով կազմակերպությունների մասնագետների կարողությունները։ Նպատակն է՝ կազմակերպություններում խնամք և դաստիարակություն ստացող երեխաների համար ստեղծել առողջ սննդակարգի և սննդային համակարգի կայուն հիմքեր՝ ձևավորելով առողջ ապրելակերպի վարքականոններ։