Նորություններ

Իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» եռամյա ծրագիրը

ապրիլի 11, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտային հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագիրը այն նպատակ ունի կատարելագործել առկա համակարգը՝ մեկտեղելով պետության և մասնավոր հատվածի ջանքերը։

Եռամյա ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում՝ բարելավելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը։  

Հանդիպմանը ներկա են եղել ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջնահերթություններին՝ խոսելով նաև նոր համակարգի և երեխայի՝ որպես մարդկային կապիտալի ներուժի զարգացման անհրաժեշտության մասին։ Այս համատեքստում ընդգծել է ոլորտում ստեղծվող կառուցակարգի, համայնքահենք սոցիալական ծառայությունների ներդրման, մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը։ Վերջինիս խոսքով՝ երեխաներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն կարիքահենք, չկրկնվող և իրար հաջորդող։ 

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները ոչ միայն ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու ծրագրերը, այլև խոսել են ծրագրի շրջանակում անելիքների մասին ակտիվ ներգրավվածություն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումների մշակման գործընթացում, ծառայությունների մատուցման կարողությունների բարելավում՝ շարունակական վերապատրաստման և գործընկերների միջև փոխադարձ մշտադիտարկման գործընթաց իրականացնելու միջոցով։ 

«Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ԱՍՀ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան», «Երեխաների պաշտպանության ցանց», «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա», «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ։