Կայացել է Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը
ապրիլի 17, 2024
Կայացել է ԱՍՀ նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը և այլ հյուրեր։
Մեկնարկող ծրագիրը հանդիսանում է Զբաղվածության նոր ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկը, որը հնարավորություն կտա զբաղվածության ծրագրերն իրականացնել արդյունքի հիման վրա ֆինանսավորման սկզբունքով և կատարել մասշտաբային վերապատրաստումեր և աշխատանքի տեղավորմանն ուղղված ֆինանսական ներդրումներ։ Ծրագրի իրականացման միջոցով բնակչության ոչ լիարժեք օգտագործված աշխատուժի, կրթություն և զբաղվածություն չունեցող անձանց, 30-40 տարեկան գործազուրկ կանանց և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները կստանան լուծումներ՝ նրանց տրամադրելով ոչ միայն ուսուցում, այլև աշխատանք:
Ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացմամբ կարևորելով աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի ձևավորումն ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնումը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այդ գորընթացում ընդգծել է պետության, մասնավոր կազմակերպությունների և միջազգային կառույցների շարունակական համագործակցությունը։ Վերջինիս խոսքով՝ զբաղվածության ծրագրի այս մոդելը մշակվել է հաշվի առնելով տարբեր երկրների փորձը՝ կարևոր սկզբունք համարելով ոչ միայն գիտելիք ու հմտություններ տալը, այլ նաև այն, որ վերջնարդյունքում ունենանք կայուն աշխատանքով ապահոված քաղաքացիներ։ Այն նպատակաուղղված է աշխատաշուկայի, տնտեսական և կրթական զարգացմանը, երկրում բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծմանն, մրցունակ աշխատուժի խթանմանն, ինչպես նաև առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։
Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագիրն իրագործվելու է 7 կազմակերպությունների կողմից, որոնք ստացել են համապատասխան վկայագրեր․ հավաքագրվելու են մասնակիցները, իրականացվելու են համապատասխան վերապատրաստման դասընթացներ, ապահովելու են կայուն աշխատանք։
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության «Պլատֆորմ#5: Հայաստանում կանանց համար տնտեսական հնարավորությունների մեծացում» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության կայուն համակարգ» ծրագրերի կողմից։