Նորություններ

Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը

ապրիլի 25, 2025

Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։

Ռազմավարությամբ սահմանվում է գենդերային քաղաքականության վեց գերակայություն՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ոլորտային օրենսդրության բարելավմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության և ներուժի բարձրացմանը, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը և այլն։

Ըստ այդմ՝

·   առաջին գերակայությամբ նախատեսվում է կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում ապահովել և ընդլայնել գենդերային խտրականության հաղթահարման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործման,  կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունները։

·    երկրորդ գերակայությունն ուղղված է սոցիալ-տնտեսական բնագավառում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի գենդերային խզվածքի նվազմանն ու աշխատանքային իրավունքների  պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։

·     երրորդ գերակայությամբ սահմանված քայլերը միտված են կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարմանը, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանմանը, հավասար հնարավորությունների ընդլայնմանը։

·         չորրորդ գերակայությունն ուղղված է առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովմանը։

·     հինգերորդ գերակայությամբ նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ գենդերային բռնության և խտրականության կանխարգելման ու հաղթահարման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն ուղղությամբ։

·     վեցերորդ գերակայությունն ուղղված է կլիմայի փոփոխության նկատմամբ  գենդերազգայուն և գենդերարձագանքող մոտեցումների ձևավորմանը, ներառական սկզբունքների ապահովմանն ու իրազեկվածության բարձրացմանը։

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագրի նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ԵՄ փորձագիտական խմբի աջակցությամբ և ոլորտային հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։