Նորություններ
ՀՀ Կառավարությունն հավանություն է տվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող նախագծերի փաթեթին
մայիսի 29, 2025
ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ընդունելու և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։
Առաջարկվող նախագծերը ավելացնում են համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։
Ըստ այդմ՝
- Նախագծերով վերահաստատվել և ամրապնդվել է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի լիազորությունը համայնքներին պատվիրակման, և պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով,
- ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի և մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով․ սա հնարավորություն կտա մասնագիտորեն իրականացնել ոչ միայն բացահայտումն ու արձագանքը երեխայի պաշտպանության (օրինակ՝ բռնության) դեպքերին, այլ նաև՝ կանխարգելումը,
- սահմանվել են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մոնիթորինգը տնայցերի միջոցով, ուղղորդումը այլ մարմիններ ըստ անհրաժեշտության՝ երեխայի պաշտպանության պլանի մշակում և իրականացման մոնիթորինգ, ընտանիքի և երեխայի հետ աշխատանք այլընտրանքային համակարգում գտնվող երեխաների վերամիավորման համար, այդ թվում՝ համագործակցելով հաստատության հետ, եթե երեխան հաստատությունում է, խնամակալության, հոգաբարձության, որդեգրման վերահսկողություն, խնամատարության մշտադիտարկում, մասնակցություն դատարանում երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերի քննությանը և այլն,
- սահմանվել և հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում (Երևանի քաղաքապետարանում) երեխայի պաշտպանության հետ կապված լիազորությունները և դրանց մասնագիտական բնույթն ու դրանից ելնելով՝ մասնագիտական հաստիքի անհրաժեշտությունը,
- սահմանվել է բուլինգ հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ,
- ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը,
- hանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար և երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին և աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան:
- սահմանափակվել է կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրի կնքմանը, եթե ծնողը դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում կամ եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում,
- փոփոխություններ են իրականացվել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում (55-ից դարձել է 65 տարեկան),
- սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը (հնարավորություն կտա հստակ արձանագրել չվճարման դեպքում),
- երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր,
- հստակեցվել են երեխայի կարծիքը ներկայացնելու գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ձևաչափերը՝ նրա մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում,
- որդեգրել ցանկցող անձի և որդեգրման ենթակա երեխայի միջև նախատեսված տարիքային տարբերությունը կկիրառվի որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ,
- ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ և դրա վարման հետ կապված լիազորությունների կարգավորումներ, որը համայնքային մակարդակում կունենա մեծ կարևորություն՝ դեպքի վարման, երեխային կարիքահեն ծառայությունների տրամադրման, աշխատանքների պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսանկյունից։