Նորություններ

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք․ իրացվել է 1237-ը

նոյեմբերի 07, 2025

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3323 ընտանիք (13308 անձ), որից 1237֊ը (5333 անձ) արդեն իրացրել է հավաստագիրը։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

·  բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

·         անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

·         գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

·         տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

·         ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         չունեն սեփականություն,

·    չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։