Նորություններ

Մարզային հանձնաժողովի նիստ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքների վերաբերյալ

ապրիլի 25, 2025

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։

Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ․ համալիր ծրագրում ներառված միջոցառումների շրջանակում մարզային կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները։

Հանդիպմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Լիարժեք կյանք» հկ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանը, նախարարության պաշտոնատար անձինք, մարզում գործող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, մարզպետարանի ներկայացուցիչներ։

ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է համալիր ծրագրի նպատակն ու առաջնահերթությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, խտրականության բացառման, համայնքային ներառման, որակյալ ներառական կրթության ապահովման, նոր կառուցվող շինությունների քաղաքաշինական նորմերի պահպանման, համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման խմբի աշխատանքների վերաբերյալ։ Վերջինիս խոսքով կարևոր է համատեղել նախարարության և տարածքային կառավարման մարմինների ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման գործում։


Նիստի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսել են իրենց գործառույթների շրջանակում իրականացված աշխատանքների մասին․ քննարկվել են նաև բոլոր համայնքներում ընդհանուր ներառականության հաստատման, անձնական օգնականի ծառայության, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի, մատչելիության միասնական չափորոշիչների վերաբերյալ մի շարք հարցեր։


Մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում ի հայտ եկած  խնդիրներն ու առաջարկել լուծումներ։