Նորություններ

Նախատեսվում է ընդլայնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների սոցիալական երաշխիքները

ապրիլի 21, 2026
Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
 
Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և հատուցում տրամադրել ոչ միայն 2017 թ․ հունվարի 1-ից հետո, այլև 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։
 
ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակում ընդունվել են 2008-2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար որոշումներ, ըստ որոնց` 2008-2016 թթ․ հատուցման դեպքերով անձինք հատուցում են ստանում ինչպես Հիմնադրամից, այնպես էլ` ՀՀ պետական բյուջեից, օրենքով սահմանված չափով և կարգով։ Առաջարկվող փոփոխության համաձայն՝ նրանց հատուցման գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն Հիմնադրամի կողմից։
 
Ըստ նախագծի՝ 1998-2007 թթ․ դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը` փաստաթղթերի բացակայության կամ ոչ ամբողջականության դեպքում։ Այդ իրավունքը կարող է իրացվել նաև դատական կարգով՝ ըստ անհրաժեշտության։ 1998-2016 թթ․ հատուցման դեպքերի համար ամսական գումարները կվճարվեն հավասար չափով 20 տարի՝ 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար հաշվարկված չափով։
 
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft.am հարթակում հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10075