Նորություններ

Նախատեսվում է մի շարք օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի սահմանափակումը․ Կառավարության նիստում հաստատվել է նախագծերի փաթեթը

ապրիլի 02, 2026
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծերի փաթեթը։
 
Ըստ այդմ, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքներից նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի սահմանափակումը. այն կվերաբերի շուրջ 24,400 պաշտոնի։ Փոփոխությունը հնարավորություն կտա աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորել զուտ միայն տարիքը լրանալու հանգամանքով, այլ պաշտոնը զբաղեցնող անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով և արդյունքահեն գործունեությամբ։
 
Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր՝ հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձանց հնարավորություն տալով դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար վարձատրություն ստանալ։
 
Նախագծերի փաթեթն առաջիկայում Կառավարության կողմից կներկայացվի Ազգային ժողով՝ անհետաձգելի ընթացակարգով քննարկելու համար։