Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Ներառական զարգացում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին
մարտի 18, 2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության անդամների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ներառական զարգացում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովը, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» թեմայով քննարկումը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից բարձրացված ոլորտային մի շարք հարցերի, այդ թվում՝ բնակարանային ապահովման, զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունն առաջիկայում որոշում կընդունի, ըստ որի՝ ծրագրի շրջանակում Երևանին սահմանակից համայնքներում յուրաքանչյուր քաղաքացուն տրվող հավաստագրի արժեքը 3 մլն դրամից կդառնա 4 մլն դրամ․ որոշումը կունենա նաև հետադարձ ուժ՝ տարածվելով նախկինում ստացված և տվյալ բնակավայրերում իրացված հավաստագրերի վրա։