Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովին

փետրվարի 26, 2026
Ազգային ժողովում այսօր մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ 
 
Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության և առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է:
 
Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի վարչության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և պաշտոնատար այլ անձինք։
 
Նախարար Թորոսյանն իր ելույթում անդրադարձել է կոնվենցիայի սկզբունքների իրականացման գործընթացին, ապա ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում մանրամասնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:
 
Նախարարը նշել է, որ պետությունը շարունակում է անել հնարավորը, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ ստանա անհրաժեշտ մատչելի և որակյալ ծառայություններ, և դա ոչ միայն միջազգային պարտավորություն է, այլև բարոյական պատասխանատվություն է քաղաքացիների հանդեպ։
 
Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ պետությունը շարունակակական քայլեր է իրականացնում համայնքահեն ծառայությունները զարգացնելու, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակն ու հասանելիությունը բարձրացնելու ուղղություններով։