Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանին (CSW70)

մարտի 10, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ՝ ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանին (CSW70)։
Նստաշրջանի հիմնական թեման կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովումն է՝ ներառական և արդար իրավական համակարգերի զարգացման, խտրական օրենքների, քաղաքականությունների և գործելակերպի վերացման, ինչպես նաև կառուցվածքային խոչընդոտների հաղթահարման միջոցով։
 
CSW70-ի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է նախարարական կլոր սեղան քննարկմանը։
 
Նախարարն իր ելույթում ընդգծել է կանանց իրավունքների պաշտպանության և նրանց նկատմամբ խտրականության վերացման կարևորությունը՝ դրանք դիտարկելով որպես մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության ապահովման առանցքային պայման։
 
Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությամբ սահմանված գերակայությունները և այդ ուղղությամբ աշխատանքները՝ կարևորելով կանանց համար հավասար հնարավորությունների ապահովման, սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքների պաշտպանության ամրապնդման, գենդերային հիմքով բռնության կանխարգելման ուղղությամբ շարունակական աշխատանքների դերը։
 
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության 190-րդ կոնվենցիայի կարևորությանը՝ նշելով, որ այն կարևոր գործիք է անվտանգ, արժանապատիվ և հավասար աշխատանքային միջավայրի ապահովման համար։