Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է CreLAB Կոտայքի կենտրոն
մայիսի 07, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի հետ այսօր այցելել է CreLAB Կոտայքի կենտրոն։
Նախարարն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել Հայաստանի նորաձևության պալատի և Իննոբիզ ՀԿ֊ի կողմից Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին․ ծրագրերը ֆինանսավորվում են Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունների կողմից:
Այցի ընթացքում քննարկվել են նաև տեղահանված անձանց և խոցելի խմբերի տնտեսական հզորացմանն ու զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Ղարաբաղից տեղահանված անձանց մասնագիտական կարողությունների և աշխատանքի ապահովմանն ուղղված պետական քաղաքականության, գործող և նախատեսվող ծրագրերի մասին։
Դեսպան Բուշն անդրադարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ իրականացվող միջոցառումներին՝ մանրամասնելով նոր ստարտափերի ստեղծմանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Հանդիպման ընթացքում նախարար Թորոսյանը զրուցել է կենտրոնի շահառուների հետ․ վերջիններս ներկայացրել են ծրագրերի շրջանակում ունեցած ձեռքբերումները, խոսել հետաքրքրությունների մասին: