Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», «Լիարժեք կյանք» և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունների Երևանում գործող ցերեկային կենտրոններ

ապրիլի 16, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», «Լիարժեք կյանք» և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունների Երևանում գործող ցերեկային կենտրոններ, որոնք արտապատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական և ցերեկային խնամքի ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին։
 
Այցի շրջանակում նախարարը շրջել է կենտրոնների տարածքներով, ծանոթացել կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և առկա խնդիրներին։ Աշխատակիցների հետ զրույցի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացման, դրանց հասանելիության ընդլայնման, ինչպես նաև համագործակցության զարգացման ուղղությունները։
 
Արսեն Թորոսյանն ընդգծել է կազմակերպությունների դերը շահառուների սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավման գործում՝ շեշտելով համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը։