Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին

ապրիլի 22, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ հետազոտությունների, կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ անդրադառնալով սոցիալական ծառայությունների թվայնացման, զբաղվածության ապահովման և աշխատանք փնտրող անձանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող անձանց համար առաջիկայում նախատեսվում է թվային գրագիտության լայնածավալ ծրագիր իրականացնել, որը հնարավորություն կստեղծի նպաստել նրանց աշխատաշուկայում ինտեգրմանն ու մրցունակության բարձրացմանը։

Կիլիան Նոլանը ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառման դերը․ այս համատեքստում ընդգծվել է նաև կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։