Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին

հունվարի 20, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Քննարկվել են խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման, երկարաժամկետ վարձակալության ու ինքնազբաղվածության խթանման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ կարևորելով անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանց թվային գրագիտության բարձրացմանը և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքները։ Այս համատեքստում ընդգծվել է նաև շվեյցարական կողմի աջակցությունը՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերապատրաստումներ և փորձի փոխանակում իրականացնելու համար։ 

Դեսպան Բաումանը վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։