Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին
նոյեմբերի 07, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների և կանանց հիմնահարցերի, ինչպես նաև ժողովրդագրության և զբաղվածության ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու արդյունքներին։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստան-Չինաստան ռազմավարական հարաբերությունների դերը՝ ընդգծելով երկու երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսության կարևորությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքների և սննդի ապահովման ենթակառուցվածքների արդիականացման գործում ցուցաբերած աջակցության համար։ Նա ընգծել է նաև ՉԺՀ կառավարության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացների դերը, որոնց շնորհիվ ԱՍՀ նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել նոր հմտություններ։
Դեսպան Լի Սինվեյը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման դերը և նշել, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է շարունակել աջակցություն տրամադրել ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման համար։ Դեսպանը նաև վստահություն է հայտնել, որ ԱՍՀՆ կողմից իրականացվող ծրագրերը կշարունակեն արձանագրել ցանկալի արդյունք և կնպաստեն քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
Հանդիպման ավարտին դեսպան Լի Սինվեյը նախարար Թորոսյանին հրավիրել է Չինաստան՝ ոլորտային համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու նպատակով։