Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին

հոկտեմբերի 27, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:
 
Միջոցառումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում նախարարը խոսել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունների ու գերակայությունների մասին, ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներն ու ոլորտում առկա մարտահրավերների լուծման եղանակները։
 
Անդրադառնալով տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ վերջիններիս առաջնային կարիքների բավարարումը շարունակում է լինել պետության քաղաքականության առանցքում և որ նրանց անհրաժեշտ կենսապայմանների ապահովման ուղղությամբ շարունակվում են տարվել անհրաժեշտ աշխատանքներ․ բանախոսը նաև մանրամասներ է ներկայացրել գործընթացի իրականացման վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ տեղահանված անձանց կարիքները շարունակվում են հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ այս նպատակով գործարկված հարթակների միջոցով։
 
Ի պատասխան տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ վերջիններիս կայուն աշխատանքով ապահովումը նախարարության առաջնային հարցերից է, և այս նպատակով առաջիկայում կգործարկվեն նոր ծրագրեր։
Վերջինս նշել է, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները շարունակում են հաշվառել և համապատասխան աշխատանք առաջարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերին կարող են ծանոթանալ նաև առցանց եղանակով՝ workforall.am հարթակի միջոցով։