Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում
մայիսի 26, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է պանելային քննարկման։ Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պաշտոնատար անձինք, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հանրային գործիչներ:
Համաժողովի շրջանակում նախարար Մկրտչյանը բանախոսել է «Հավատ և ազատություն. կրոնական ազատության ամրապնդումը փոփոխվող համաշխարհային լանդշաֆտում» թեմայով քննարկմանը։
Քննարկմանը որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատությունների հարցերով գագաթնաժողովի համանախագահող Սեմ Բրաունբեքը․ բանախոսել են նաև ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄըքԳիին,Սուրբ Աթոռի պետքարտուղարի տեղակալ Միրոսլավ Ստանիսլավ Վախովսկին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը։ Քննարկումը վարել է Ջորջթաունի համալսարանի ավագ գիտաշխատող, իրավունքի և հանրային քաղաքականության դասախոս Մարկ Վլասիչը։
Քննարկման մասնակիցներն իրենց խոսքում ընդգծել են կրոնական ազատության վերաբերյալ կառուցողական երկխոսություն ձևավորելու կարևորությունը՝ այն դիտարկելով որպես արդար և կայուն հասարակությունների անկյունաքար։ Բանախոսները նաև նշել են, որ կրոնական ազատության պաշտպանությամբ հասարակությունները կարող են մեղմել հակամարտությունները, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել խաղաղության պահպանմանը։ Շեշտվել է, որ առկա մարտահրավերների դիմակայության գործում կրոնական ազատության պաշտպանությունն իրապես կարևոր է՝ միասնության խթանման, արդարադատության պահպանման և հասարակությունների դիմացկունության ապահովության տեսանկյունից։
Նախարար Մկրտչյանն իր խոսքում հիմնականում մանրամասնել է սոցիալական արդարության, սոցիալական հավասարության, խտրականության բացառման մասին։