Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կատարի Պետության սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալ Շեյխա Ջասիմ Ալ Թանիի գլխավորած պատվիրակությանը

ապրիլի 26, 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կատարի Պետության սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալ Շեյխա Ջասիմ Ալ Թանիի գլխավորած պատվիրակությանը։   

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ու փորձի փոխանակման հնարավորությունները։    

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ ոլորտային նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման կարևորությունը և այս համատեքստում շնորհակալություն հայտնել պատվիրակությանը՝ հայկական կողմի նախաձեռնած միջազգային համաժողովներում ու միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները՝ նախարարը, մասնավորապես՝ անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը կարևորել է խնամատարության ինստիտուտի ներդրման գաղափարն ու ընդգծել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարը նաև պատրաստակամություն է  հայտնել փոխանցել հայկական կողմի լավագույն փորձը ոչ միայն սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության, այլև հետճգնաժամային կառավարման ծրագրերի վերաբերյալ։   

Շեյխա Ջասիմ Ալ Թանին ևս ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում Կատարի Պետության կողմից վարվող քաղաքականությունն ու իրենց երկրի փորձը։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերին անդրադառնալ աշխատանքային քննարկումների շրջանակում։