Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Առաքելություն Հայաստան» սիմպոզիումին
մայիսի 31, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Առաքելություն Հայաստան» սիմպոզիումի շրջանակում «Տեղային մակարդակից՝ համաշխարհային․ միավորում հանուն փոփոխության» թեմայով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը, անդրադառնալով կանանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին ու գերակայություններին, նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ևս կանանց տնտեսական զորեղացման ապահովումն է։
Նախարարը նշել է, որ մշակման փուլում գտնվող զբաղվածության, ժողովրդագրության, գենդերային ռազմավարությունների թիրախում, մասնավորապես՝ 30-ից 40 տարեկան կանանց մասնագիտական հմտությունների զարգացման ու աշխատաշուկայում ներգրավման ապահովումն է։ Այդ նպատակով՝ իրականացվել են օրենսդրական մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ Աշխատանքային օրենսգրքում, որոնք հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքի։
Քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը խոսել է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացված այն ծրագրերի մասին, որոնք հանրապետության տարբեր մարզերում բնակվող կանանց հնարավորություն են տվել ոչ միայն բարելավել իրենց գիտելիքը, այլև ձեռք բերել զբաղվածություն։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ-ում փորձարկված ծրագրերը ներկայացվել են նաև ՄԱԿ-ի գործընկերներին, որոնց կողմից դրանք ճանաչվել են օրինակելի մոդելներ՝ կիրառելու նաև մյուս երկրների համար։
Անդրադառնալով նմանօրինակ հարթակների գործարկման կարևորությանը՝ նախարարը խոսել է նաև ՄԱԿ-ի «Հավասարության սերունդ» (The Generation Equality) ֆորումի, նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի՝ ֆորումի շրջանակում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդող երկիր ընտրվելու մասին։
«Ցուցանիշներից մեկը, որի համաձայն Հայաստանն ընտրվել է որպես կոալիցիայի առաջնորդող երկիր՝ այն է, որ կանանց մասնակցությունը նորարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջինից ավելի բարձր է։ Սա մեզ հնարավորություն է տալիս հպարտորեն խոսել այս մասին, և պետք է փաստել նաև, որ սա հնարավոր չէր լինի, եթե, օրինակ՝ կրթական համակարգում համապատասխան միջավայր չապահովվեր»,- ասել է նախարարը։
Պանելային քննարկման ընթացքում մյուս բանախոսները ևս կարևորել են կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ջանքերի համատեղումն ու շարունակական աշխատանքների իրականացումը։