Նորություններ

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

հոկտեմբերի 18, 2024

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։

Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և այդ ուղղություններով տարվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ոլորտում արդեն իսկ իրականացված բարեփոխումները հաստատուն հիմք են ստեղծել հետագա աշխատանքների համար։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մշակման կարևորությունը։

 Իր խոսքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությունն ու դերը, որի հետ համատեղ իրականացվել և շարունակվում են աշխատանքները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտ ծառայությունների գույքագրման, ծառայությունների փաթեթների մշակման և այլ ուղղություններով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ քայլեր են տարվում նաև աջակցող միջոցների ցանկերը վերանայելու և ընդլայնելու ուղղությամբ։ Բազմամասնագիտական թիմի կողմից մշակվում են աջակցող միջոցների ցանկերը, դրանց տրամադրման մեթոդական ուղեցույցները, ցուցումները և այլն։ Արդյունքում, կկարողանանք ունենալ ավելի ապացուցողական համակարգ, ինչն ավելի հիմնավորված կդարձնի աջակցող միջոցների նշանակման և օգտագործման տրամաբանությունը և յուրաքանչյուր անձի համար կապահովի որակյալ, լիարժեք ծառայություններ»,- նշել է նախարարը։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ շարունակվում է  հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական հիմքերի ապահովումը։ Վերջինիս խոսքով՝  ԱԺ կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի ընդունումը ոլորտում կարևոր քայլ է եղել, որը նաև հիմք կապահովի ենթաօրենսդրական ակտերով նախատեսվող մեխանիզմները բարելավելու համար։ 

«Հաշմանդամություն ունեցող երեխաներն աշխարհում ամենախոցելի խմբերն են, և, ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանում կա հանրային կյանքից և համայնքից մեկուսացում։ Դա ոչ միայն ֆիզիկական միջավայրի, բայց նաև վերաբերմունքի բացակայության, համապատասխան մշակույթի ոչ բավարար ձևավորման պատճառով է, ուստի, հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ դրական վերաբերմունք ստեղծելը այնքան արժեքավոր է և կարևոր, որքան, ասենք ՝ թեքահարթակներ կառուցելը կամ տեխնիկական միջոցներ ապահովելը»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ևս անդրադարձել է ոլորտային բարեփոխումներին և այդ համատեքստում ընդգծել հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծառայությունների ընդլայնման ու լավարկման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալը նաև նշել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն ակտիվ ներգրավված են ոլորտում իրականացվող աշխատանքներում՝ համաժողովներից մինչև ծառայությունների դիվերսիֆիկացիա, ինչը ևս ուրախալի փաստ է։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին ևս իր ելույթում ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Նա նաև շեշտել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, տրամադրվող ծառայությունների ընդլայնման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր ներդնել այս ուղղություններով։

Հանդիպման ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ Աստղիկ Մարտիրոսյանը և Էլեոնորա Տարախչյանը ներկայացրել են մանրամասներ՝ Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծախսերի գնահատման և «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի և փոխկապակցված իրավական ակտերի վերաբերյալ։

Քննարկումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում: