Նորություններ
Ստորագրվել է Հանրապետական կոլեկտիվ չորրորդ պայմանագիրը
հունվարի 23, 2026
ՀՀ կառավարության (ի դեմ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև այսօր ստորագրվել է Հանրապետական կոլեկտիվ չորրորդ պայմանագիրը։
Փաստաթղթով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։
Պայմանագիրը ստորագրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Իր ելույթում նախարար Թորոսյանը նշել է, որ փաստաթղթի ստորագրումը ևս մեկ կարևոր քայլ է սոցիալական գործընկերների հետ համակարգված ու փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, որի առանցքային նպատակն աշխատողների և գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովումն ու արդյունավետ երկխոսության կառուցումն է։
Արսեն Թորոսյանը նաև ընդգծել է, որ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացումը և աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների շարունակական բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է։
Նախարարը նշել է, որ պայմանագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները կունենան իրական և շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշխատողների և գործատուների շահերի պաշտպանությանն ու մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: