«Վե՛րջ երեխաների նկատմամբ բռնությանը» առաջին համաշխարհային նախարարական համաժողովին ընդառաջ՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է տարածաշրջանային քննարկման
սեպտեմբերի 26, 2024
Կոլումբիայի Բոգոտա քաղաքում նախատեսվող «Վե՛րջ երեխաների նկատմամբ բռնությանը» առաջին համաշխարհային նախարարական համաժողովին ընդառաջ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել տարածաշրջանային քննարկում։ Նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես գլոբալ գործընկերության ուղենշող երկիր։
Տարածաշրջանային քննարկմանը մասնակցել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սոցիալական բարեկեցության և երեխաների պաշտպանության, առողջապահության և կրթության հարցերով պատասխանատու նախարարությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վերջիններս ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց երկրների կողմից իրականացվող քաղաքականությունը, սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ աշխատանքները։
Մասնակից երկրների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծել են քննարկման անցկացման կարևորությունը՝ մանրամասնելով երեխաների նկատմամբ բռնությանը վերջ տալու ուղղությամբ առաջընթացն ու իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում շեշտվել է նաև Համաշխարհային նախարարական համաժողովի մասին իրազեկվածության բարձրացման և մասնակիցների շրջանակի ընդլայնման հնարավորությունները։
Առցանց ձևաչափով կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ անդրադառնալով «Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ. համալիր ծրագրով» սահմանված գերակայություններին, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներին։ Տաթևիկ Ստեփանյանը խոսել է նաև 2024 թ. «Բռնության ենթարկված երեխաներին ուղղորդելու, աջակցելու և պաշտպանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կարևորության մասին, որը ներառում է ֆիզիկական պատժի արգելում, պաշտպանություն՝ ահաբեկումից, երեխաների պաշտպանությունն իրականացնող մարմինների հստակ սահմանված դերեր, ինչպես նաև այլընտրանքային խնամքի ապահովում՝ ՄԱԿ-ի երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցին համապատասխան։
Նախարարի տեղակալի խոսքով՝ Երևանում և Կապանում ստեղծվել են Barnahus տիպի երկու «Ապահով անկյուններ», վերապատրաստումներ է անցել շուրջ 100 քննիչ, սոցիալական աշխատող և դատաբժշկական հարցազրուցավար-հոգեբան։
Քննարկման ընթացքում Տաթևիկ Ստեփանյանը նաև նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը վերսկսել է ոլորտային քաղաքականության քննարկման և համակարգման հերթական նիստերը։ Արագ արձագանքման աշխատանքային խումբը ստեղծվել և գործում է Ազգային հանձնաժողովի կազմում 2023 թվականից՝ 10 մարզում երեխաների նկատմամբ բռնության բարդ դեպքերը համակարգելու համար։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տարածաշրջանային առցանց քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։