Նորություններ
Տեղի է ունեցել 2024 թ․ բյուջետային գործընթացի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում
դեկտեմբերի 21, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ոլորտային հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել 2024 թ․ բյուջետային գործընթացի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում։
Քննարկմանը մասնակցել են նաև ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը և այլ անձինք։
Հանդիպմանը քննարկվել են հանրային ֆինանսավորման պլանավորման, իրականացման և մշտադիտարկման փուլերում քաղհասարակության անդամների դերակատարման ու ակտիվ մասնակցության, բյուջետային քաղաքականության մշակման գործընթացում նրանց գիտելիքների և կարողությունների օգտագործման հնարավորությունները։
Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ծախսերի առավել արդյունավետ կիրառման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովումը՝ նախարարության գլխավոր քարտուղարը նշել է, որ փոխշահավետ համագործակցության արդյունքում հնարավոր է ունենալ առավել տեսանելի ու վերահսկելի բյուջետային գործընթացներ։ Վերջինիս խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարը ՀՀ պետական բյուջեի զգալի հատվածն է կազմում, որն ուղղվում է հանրության պահանջների բավարարմանը. հաշվետվողականության, մասնագիտական փորձառության և հանրային վերահսկողության միջոցով քաղաքացուն տրամադրվում են որակյալ ու հասցեական ծառայություններ, իրականացվում համապատասխան ծրագրեր։
Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի փորձագետները մասնակիցներին ներկայացրել են բյուջետային գործընթացի ցուցանիշները, գործառնական դասակարգիչների կառուցվածքը, եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը, քաղաքացու և համայնքային բյուջեի ձևավորման ու պլանավորման հետ առնչվող մի շարք հարցեր։