Տեղի է ունեցել ԱՍՀ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
հունվարի 30, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը. քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի ընթացքն ու նախատեսվող արդյունքները։
Կարևորելով հասարակական խորհրդի նոր կազմի աշխատանքների մեկնարկը՝ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի և աշխատանքների գործում նշանակալի ներդրում կարող են ունենալ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները։ Անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի աշխատանքներին՝ նախարարը ընդգծել է, որ ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացմամբ համակարգը անձին հնարավորություն է տալու ստեղծել կայուն եկամուտ, ունենալ լիարժեք զբաղվածություն և բարելավել իր կենսապայմանները։
Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Անապահովության գնահատման նոր համակարգը, նպաստի իրավունքի ձեռքբերման և դիմելու ընթացակարգերը, ընտանիքի անապահովության մակարդակի և կեցության պայմանների գնահատումը, շահառուների նոր շրջանակը և չափորոշիչները։
Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները։