Նորություններ

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

մայիսի 19, 2025
Նիստը նախագահող ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպություններում խնամվող երեխաներին ուղղված ծառայությունների փոխակերպմանն ուղղված առաջիկա աշխատանքների տեսլականը, ընդգծել ծառայությունների կարևորությունը՝ հիմքում ունենալով երեխայի լավագույն շահը։
 
Նիստի ընթացքում Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է ՀՀ-ում մանկական պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային պիլոտային շարժական ծառայության գործունեությունը, ինչպես նաև տարեսկզբից ներդրված պիլոտային ծրագրի ընթացքը, արդյունքները։
 
Հանձնաժողովի նիստին հրավիրված էին նաև նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների տնօրենները, նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ մասնագետներ:
 
Հանդիպումը շարունակվել է ընթացիկ հարցերի քննարկմամբ, որի շրջանակում նիստի անդամներն հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով: