Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի ընդլայնված կազմով նիստը
մայիսի 22, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի ընդլայնված կազմով նիստը․ մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրակարգում ներառված էին Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԳԱ 23-րդ հատուկ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զեկույցի նախագիծն ու Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ. ռազմավարական ծրագիրը։
Անդրադառնալով կանանց հիմնահարցերի, գենդերային քաղաքականության ոլորտներում սահմանված առաջնահերթություններին ու սկզբունքներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ընդգծել է կանանց իրավունքների լիարժեք իրացման, հանրության մեջ կնոջ դերի և մասնակցության բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։
Նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պետական մարմինների կողմից մասնակցային սկզբունքով կազմված Պեկին +30 Ազգային զեկույցի նախագիծը․ այն ներառում է վերջին 5 տարիների ընթացքում մեր երկրի կողմից տարբեր ոլորտներում գրանցած առաջընթացները, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ հսկայածավալ ծրագրեր են իրականացվել կարիքահեն սոցիալական աջակցության ծառայություների ներդրման և ընդլայնման ուղղությամբ․ խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն։ Փոփոխություններ են կատարվել աշխատանքային օրենսդրության մեջ, որոնք նպաստել են սոցիալ-տնտեսական բնագավառում գենդերային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանի Հանրապետությունը գենդերային հավասարության ապահովմանն ուղղված առաջնահերթությունները սահմանել է հետևյալ շրջանակում՝ կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության ապահովում քաղաքական գործընթացներում, կառավարման տարբեր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակներում։ Հիմնական դրույթները վերաբերում են նաև սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, առողջապահության և այլ ոլորտներում գենդերային հավասարության ու խտրականության կանխարգելման, կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների ձևավորման, ներառական սկզբունքների ապահովման և իրազեկվածության բարձրացման հարցերին։
Քննարկման ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը․ առաջնահերթությունները, գերակայություններն ու նպատակները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ օրակարգում ներառված հարցերի շուրջ մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։