Նորություններ
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստը
հունվարի 14, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստը․ մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ անդրադառնալով 2025 թվականի ընթացքում երկրում գենդերային հավասարության, հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար և լիարժեք մասնակցության ապահովմանն ուղղված հիմնական աշխատանքներին, ռազմավարական ծրագրերին, մատուցվող ծառայություններին և միջազգային համագործակցության հիմնական ուղղություններին։ Վերջինս կարևորել է նաև գենդերային ռազմավարության կատարման ընթացքի հաշվետվողականության ապահովումը՝ ընդգծելով տեղական և միջազգային գործընկեր կառույցների մասնակցությունը։
Քննարկվել են նաև ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարության տարեկան հաշվետվության պատրաստմանն առնչվող հարցերը․ ռազմավարության միջոցառումների կատարման համար պատասխանատու գերատեսչությունները ներկայացրել են հիմնական արդյունքային ցուցանիշներն ու նախատեսվող աշխատանքները։
Անդրադարձել են ոլորտում միջազգային համագործացկության շրջանակում առաջիկայում նախատեսվող աշխատանքային մի շարք հարցերի։