Նորություններ
Տեղի է ունեցել «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» միջոցառումը
փետրվարի 12, 2024
Կրթության ոլորտում սոցիալական համագործակցության դերակատարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» միջոցառումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։
Ելույթների ընթացքում մասնակից գերատեսչությունների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են երեխաների համար անվտանգ, առանց բռնության միջավայրի ապահովման, կրթության իրավունքի լիարժեք իրացման, ինչպես նաև հասարակության մեջ դրական ծնողավարման ներդրման ուղղությամբ համատեղ շարունակական աշխատանքների դերը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը․ ձեռնարկն ուղղված է երեխաների նկատմամբ բռնության դրսևորումների հայտնաբերմանը, արդյունավետ արձագանքմանն ու կանխարգելմանը։
Պանելային քննարկման շրջանակում բանախոսներն անդրադարձել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման ընթացակարգերում փոխգործակցության առկա խնդիրներին ու քննարկել դրանց լուծման ուղիները։
Միջոցառումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ոլորտի մասնագետները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով։