Տեղի է ունեցել «Հավասար վարձատրություն, արժանապատիվ աշխատանք, երկխոսություն գենդերային արդարության մասին» խորագրով աշխատաժողովը
սեպտեմբերի 11, 2025
Գենդերային հավասարության, տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման հարցերով զբաղվող կազմակերպությունների և սոցիալական գործընկերների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հավասար վարձատրություն, արժանապատիվ աշխատանք, երկխոսություն գենդերային արդարության մասին» խորագրով աշխատաժողովը։
Քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի գենդերային հավասարության և ընդդեմ խտրականության մասնագետ Օզգե Բերբեր-Ագթաշը, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի աղքատության և հավասարության ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Սաիդա Իսմայիլախունովան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացրած հավասար վարձատրության մեխանիզմները, Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքը, խթանող գործոններն ու հնարավոր լուծումները, ինչպես նաև Հայաստանում հավասար վարձատրության առաջընթացն ու քաղաքականության ուղղությունները։
Իր ելույթում նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը անդրադարձել է զբաղվածության ռազմավարության նպատակներին ու առանձնահատկություններին՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում մրցունակ անձանց ներգրավմանը, աշխատաշուկայում կանանց ներուժի օգտագործմանը, սոցիալական տարբեր խմբերի զբաղվածության խթանմանը։ Վերջինիս խոսքով՝ ռազմավարության միջոցառումների նպատակն է ապահովել արտադրողականության և մրցունակության բարձրացում, տնտեսական վերափոխումների խթանում, ինչպես նաև աշխատաշուկայում գենդերային անհամամասնությունների նվազեցում, զբաղվածության հետ կապված պետական քաղաքականության արդյունավետության բարձրացում։
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ․ ներկաները խոսել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներից բխող գործողություններից ու պարտավորություններից, հավասար վարձատրության մեխանիզմներից ու ներպետական իրավական երաշխիքներից, գենդերային հավասարությանն ուղղված պետական աջակցության ծրագրերից, ինստիտուցիոնալ մեխանիզմների գնահատման համակարգից։
Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից։