Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստը

ապրիլի 30, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստը։

Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Անդրադառնալով գենդերային հավասարության, կանանց հիմնահարցերի ոլորտներում սահմանված առաջնահերթություններին ու սկզբունքներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ընդգծել է կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանման և հավասար հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ 

Նիստի անդամներին ներկայացվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան զեկույցըսոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, առողջապահության և այլ ոլորտներում գենդերային հավասարության ու խտրականության կանխարգելման, գենդերազգայուն մոտեցումների ձևավորման և ներառական սկզբունքների  ապահովման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները։ 

Ռազմավարությամբ սահմանված պատասխանատու պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց ոլորտներում արձանագրած հիմնական արդյունքային ցուցանիշների և 2026 թվականին նախատեսվող աշխատանքների մասին։ 

Առաջարկներ և դիտարկումներ են ներկայացվել հանրության մեջ կնոջ դերի և ներգրավվածության բարձրացման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, կանանց զբաղվածության հարցերի շուրջ։ 

Կանանց հարցերով խորհրդի նիստն անցկացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։