Տեղի է ունեցել «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը
փետրվարի 01, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանն ու Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել են «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառմանը։
Ծրագրի փակման միջոցառման շրջանակում գործընկերներին և ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացվել են ծրագրի ձեռքբերումներն ու հիմնական արդյունքները, քննարկել կիրառված մոդելներն ու դրանց դերը՝ համայնքային մակարդակում աղքատության հաղթահարմանն ուղղված օրակարգի և մեխանիզմների ձևավորման համատեքստում:
Մասնակիցները քննարկել են նաև ծրագրի փորձառությունը և այն Հայաստանի տարբեր համայնքներում փորձարկելու հնարավորությունները, ինչպես նաև արդեն իսկ ստեղծված կառույցների ու ծառայությունների շարունականության ապահովման խնդիրները:
Հիշեցնենք, որ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն իրականացվել է Հայաստանի 4 մարզերում՝ Սյունիք, Արմավիր, Շիրակ և Տավուշ՝ թիրախավորելով 9 խոշորացված համայնքներ, որտեղ մշակվել և ներդրվել են տեղական սոցիալական պլաններ, և որոնց շրջանակում տեղական 9 կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ են մատուցվել թիրախ համայնքների ավելի քան 3300 (800 ուղիղ և 2500 անուղղակի շահառուներ) խոցելի բնակիչներին այդ թվում՝ երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության բաժնի ֆինանսական աջակցությամբ Հիլֆսվերկ միջազգային կազմակերպության կողմից՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Գործընկերություն և ուսուցում ու Ընտանիք և համայնք կազմակերպությունների հետ համագործակցությամբ: