Տեղի է ունեցել Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը
օգոստոսի 23, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի աշխատակիցների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների շրջանակում Շիրակի մարզպետի աշխատակազմին վերապահված անելիքները։
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը համառոտ տեղեկատվություն է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման պահանջների և մարզպետի աշխատակազմի կատարմանը վերապահված կետերի, հետագա անելիքների և ծրագրի հանրային իրազեկման մասին։
ԱՍՀ նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արփինե Հայրապետյանը մանրամասն անդրադարձ է կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, դրա սկզբունքային տարբերություններին նախկին՝ բժշկասոցիալական փորձաքննության համակարգից և ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգին։
Հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարցերի, ներկա իրավիճակի և կատարման ընթացքի, ինչպես նաև առկա խնդիրների մասին տեղեկատվություն տրամադրվել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու և Մարալիկի տարածքային կենտրոնի տնօրենների կողմից։
Համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման Շիրակի մարզում իրականացվող աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրվել է մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանի կողմից։