Քննարկում՝ Հայաստանում գենդերային հավասարությանն ուղղված ձեռքբերումների ու մարտահրավերների վերաբերյալ
ապրիլի 28, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության և Եվրոպայի խորհրդի համանախագահությամբ տեղի է ունեցել Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված կազմով հանդիպումը՝ քննարկելու Հայաստանում գենդերային հավասարությանն ուղղված ձեռքբերումներն ու մարտահրավերները «Պեկին +30» գործընթացի համատեքստում և ներկայացնել ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտում իրականացված վերջին օրենսդրական բարեփոխումները։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, գենդերային հավասարության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կարևորելով օրերս ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության և միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ այն ուղենիշ է գենդերային հավասարության, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասար իրացման, ընտանեկան բռնության ոլորտներում կատարվելիք ծրագրերի համար։ Վերջինիս խոսքով՝ ռազմավարության մշակման և կայացման գործում մեծ դեր են ունեցել նաև միջազգային գործընկերներն ու փորձագիտական համայնքը՝ պետական կառույցների հետ մեկտեղելով իրենց ջանքերը։ Առաջնային է, որ Գենդերային թեմատիկ խմբի անդամները իրենց գործունեության ընթացքում հիմքում ունենան ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության գերակայությունները։
Նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը մասնակիցներին ներկայացրել է գենդերային քաղաքականության սկզբունքներն ու երաշխիքները, 4 ուղղություններով թեմատիկ խմբերի աշխատանքները։ Հանգամանալից ներկայացվել է ընտանիքում բռնության և կենցաղային բռնություն օրենքից բխող մի շարք իրավական կարգավորումներին, հաշվառման համակարգի ներդրման աշխատանքներին, ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների նոր չափորոշիչներին, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավաստագրման կարգին և այլ հարցերի։
Ամփոփելով խոսքը՝ Սոֆի Բոստանչյանը նշել է, որ Գենդերային թեմատիկ խմբի և 4 ենթախմբերի հիմնական և առաջնային նպատակը պետք է լինի կատարված աշխատանքների հավաքագրումը՝ հետագայում որպես պետության կողմից իրականացված աշխատանք՝ դրանք տարբեր զեկույցներում համակարգված, տեսանելի և ճշգրտված ցուցանիշներով ներկայացնելը։
Գործընկեր կազմակերպությունների անդամներն իրենց հերթին ներկայացրել են 2025թ․ ընթացքում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին, ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել համատեղել առկա ռեսուրսներն ու լավագույն փորձը՝ լուծելու ոլորտում առկա խնդիրները։
Հանդիպումը շարունակվել է ոլորտային հարցերի քննարկմամբ․ հանդես են եկել նոր առաջարկություններով և դիտարկումներով։