Նորություններ

Քննարկվել են հակամարտությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներն ու դրանց առնչվող մի շարք խնդիրներ

նոյեմբերի 23, 2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր իրադարձությունների, մասնավորապես՝ հակամարտությունների հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոտնահարման, բռնաճնշումների և խոշտանգումների, ինչպես նաև անցումային արդարադատության հետ կապված հարցերը։  

Կարևորելով մարդու ապահով կյանքի և երաշխիքների տրամադրման գործընթացում սոցիալական պաշտպանության դերը՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց, գենդերային հավասարության, ընտանեկան բռնության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Նշվել է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ու ըստ գնահատված կարիքի տրամադրվող ծառայությունների, նրանց իրավունքների իրացման և պաշտպանության մասին։

Անդրադարձ է կատարվել նաև  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խոշտանգումների դեպքերի, արժանապատվության խախտումների,  իրավունքների ոտնահարման, ԼՂ-ի խնամքի հաստատություններում բնակված անձանց՝ երեխաների և տարեցների լիարժեք խնամքի կազմակերպման գործընթացին, ինչպես նաև Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային  կազմակերպությունների հետ համագործակցության դերը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների գնահատման և ապահովման գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով շարունակել վերը նշված հարցերի շուրջ քննարկումները։