Նորություններ

Քննարկվել է «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը

դեկտեմբերի 05, 2023

Սոցիալական գործընկերության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Գործատուների միությունների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է նախագծով նախատեսվող փոփոխությունները գործատուների կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևը, ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման իրավական հիմքերը, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև գործունեության հետ կապված հարաբերությունները։ Նախագծի նպատակը գործատուներին միավորվելու, իրենց շահերը պաշտպանելու և իրավունքները ներկայացնելու, ներկայացուցչական ճանաչվելու կարգավորումների համապատասխանեցումն է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման համար հիմքերի ապահովումն է։ 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն անդրադարձել  է սոցիալական գործընկերությանը, որպես  աշխատողների, գործատուների, նրանց ներկայացուցիչների  և պետության միջև փոխհարաբերությունների համակարգ, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերը, իրավունքներն ու պարտականությունները։ Կայուն աշխատաշուկա, սոցիալական արդարություն և գործազրկության ցածր մակարդակ հնարավոր է ապահովել սոցիալական գործընկերության շրջանակում ստեղծված լիարժեք աշխատանքային իրավունքների իրացման դեպքում։

Քննարկման մասնակիցները խոսել են գործող օրենսդրական կարգավորումներից, ինչպես նաև նոր նախագածի վերաբերյալ ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Հանդիպումն իրականացվել է «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։