Նորություններ
Քննարկվել է Հայաստանի 2024-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը
նոյեմբերի 27, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ օրենսդիր և գործադիր մարմինների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել 2024թ․ բյուջետային գործընթացի և Հայաստանի 2024-2030թթ․ զբաղվածության ռազմավարության վերաբերյալ աշխատանքային քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Դրամփյանն ու այլք։
Քննարկման ընթացքում ներկայացվել են Զբաղվածության ռազմավարության նպատակներն ու առանձնահատկությունները՝ աշխատուժի պրոֆիլավորման, աշխատաշուկայի միտումների վերլուծության, ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշների, սոցիալական տարբեր խմբերի զբաղվածության խթանման վերաբերյալ։
Կարևորելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում մրցունակ անձանց ներգրավումն ու ինչպես նաև բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի հնարավորությունների ստեղծումը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ ռազմավարությունն ուղղված է զբաղվածության հետ կապված զգալի մարտահրավերների կարգավորմանը: Մշակվող փաստաթղթի արդյունքները համահունչ են ՀՀ կառավարության գերակա ռազմավարական նպատակներին, ներառյալ՝ արտադրողականության և մրցունակության բարձրացումը, տնտեսական վերափոխումների խթանումը, կառուցվածքային գործազրկության խնդիրը, տարածաշրջանային համաչափ զարգացման խթանումը, աշխատաշուկայում գենդերային անհամամասնությունների նվազեցումը, զբաղվածության հետ կապված պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն ու այլ խնդիրներ։
Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ զբաղվածության ռազմավարությունը չի վերաբերում միայն մեկ ոլորտի․ այն սերտորեն առնչվում է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, տնտեսության և տարածքային զարգացման ենթակառուցվածքներին։ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ անհրաժեշտ ներառական քննարկումների շնորհիվ՝ հնարավոր կլինի ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը երկրում կբարելավվի զբաղվածության ապահովման գործընթացը՝ ներառյալ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորումն ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնումը։
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին ռազմավարության մշակման գործընթացում ընդգծել է շահագրգիռ կողմերի սերտ համագործակցությունը՝ հետագայում համապարփակ և ընդգրկուն փաստաթուղթ ունենալու տեսանկյունից։
Աշխատանքային քննարկման ընթացքում գործընկեր կազմակերպությունների փորձագետներ Տիգրան Ջրբաշյանն ու Սևակ Հովհաննիսյանը մասնակիցներին տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ մարզային և քաղաքաբնակ գործազուրկների աշխատունակության աճի, աշխատունակ անձանց սեռատարիքային համադրումների ու կրթվածության աստիճանի, ըստ մարզերի բաշխվածության զբաղվածության ցուցանիշների, ժողովրդագրության և տարածքային համաչափ զարգացման ու այլ գործոնների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ մշակվող ռազմավարությունը կնպաստի աշխատաշուկայում կանանց ներուժի ամբողջական իրացմանը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց կարողությունների և մարզային համայնքներում աշխատուժի զարգացմանը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկայացվել են մասնակիցների դիտարկումներն ու առաջարկները։